Ալերգոլոգիա
Սեզոնային ալերգիա (պոլինոզ). Սալուտեմ ամսագիր
![Սեզոնային ալերգիա (պոլինոզ). Սալուտեմ ամսագիր Սեզոնային ալերգիա (պոլինոզ). Սալուտեմ ամսագիր](up/article/big/file_58944_9136206.jpg)
Գարնանային ալերգիայի (պոլինոզի) պատճառը մի շարք բույսերի ծաղկափոշին է: Դրանք մանրագույն մասնիկներ են, որոնք հեշտությամբ տարածվում են քամու միջոցով, և գարնանը, մի քանի շաբաթվա ընթացքում, օդը տառացիորեն լցվում է դրանցով:
Ծաղկափոշին անվտանգ է, սակայն որոշ մարդկանց իմուն համակարգը սխալմամբ սկսում է գրոհել օրգանիզմ ներթափանցած փոշու մասնիկների դեմ: Հիմնականում տուժում են աչքերը և քիթը, քանի որ դրանց մակերևույթները շատ զգայուն են, և ծաղկափոշու ներթափանցումից պաշտպանված չեն: Արդյունքում զարգանում է բորբոքում, առաջանում են արցունքահոսություն, քթահոսություն և ալերգիայի այլ ախտանիշներ:
Փաստացի, ծաղկման սեզոնն սկսվում է արդեն մարտին: Ապրիլի վերջին կամ մայիսի սկզբին սկսվում է կեչու, լաստենու և պնդուկենու ակտիվ ծաղկման շրջանը: Հունիս-հուլիսին ծաղկում են մարգագետնային, ապա մոլախոտային բույսերը: Օգոստոս-սեպտեմբերն օշինդրի ծաղկման շրջանն է: Ծաղկափոշու նկատմամբ ալերգիան կամ պոլինոզը կարող է դրսևորվել մեկ բույսի կամ բոլորի նկատմամբ: Դրանով պայմանավորված` հիվանդագին վիճակի տևողությունը կարող է տատանվել 2-3 շաբաթից մինչև 4 ամիս: Իհարկե, շատ բան կախված է եղանակից. ցրտի և հաճախակի անձրևների դեպքում ալերգիկներն իրենց ավելի լավ են զգում, իսկ շոգ և չոր եղանակին պոլինոզի բոլոր ախտանիշները սրվում են:
Սեզոնային ալերգիայի ախտանիշները երեխաների մոտ
Երեխաների մոտ ալերգիկ ռինիտի բնորոշ ախտանիշներից է «ալերգիկ հրավառությունը». երեխան քթի ծայրը տրորում է ներքևից վերև՝ քորը նվազեցնելու նպատակով: Փոքր երեխաները հաճախ չեն կարողանում քիթը դատարկել, քթով ֆսֆսացնում են, հազում են, փորձում են մաքրել կոկորդը:
Փորձելով կոկորդը լեզվարմատով «քորել»՝ երեխան չըպպացնող ձայն է արձակում: Հաճախ զարգանում է բերանով շնչելու սովորություն` քիթը մշտապես լցված լինելու պատճառով: Քանի որ երեխաները միշտ չեն հասկանում՝ ինչ է ալերգիան և ինչպես է այն ազդում մարդու վրա, նրանք հաճախ համբերում, հարմարվում են ախտանիշներին, նույնիսկ, եթե դրանք խիստ արտահայտված են: Դրա հետևանքով նրանց կյանքի որակը վատանում է: Օրինակ, ալերգիայով երեխաները հաճախ չեն կարողանում կենտրոնանալ դպրոցում, զբաղվել սպորտով, երեխան չի կարողանում բացատրել, թե ինչն է նրան տանջում, սակայն ախտանիշները երկարաձգվում են կամ տարեցտարի կրկնվում են նույն ամիսներին:
Մինչև երկու տարեկան երեխաները, որպես կանոն, չեն տառապում սեզոնային ալերգիաներով, սակայն վերջին տարիներին տեղային ալերգիկ ռինիտ ախտորոշվում է նույնիսկ նորածինների մոտ:
Որո՞նք են ալերգիայի և COVID-19-ի տարբերությունները
Ալերգիան կամ պոլինոզը մարդու օրգանիզմ օտար նյութերի, ալերգենների ներթափանցման նկատմամբ իմունային համակարգի պատասխանն է: Ալերգիկ ռեակցիան միշտ անհատական է և պայմանավորված է նրանով, թե որտե՞ղ և ի՞նչ քանակությամբ է ներթափանցել ալերգենը: Ախտանիշները կարող են զարգանալ մարմնի ցանկացած հատվածում` մի քանի րոպեից մինչև մի քանի օրվա ընթացքում: Յուրաքանչյուր օրգանիզմ դրանց ներկայությանը տարբեր ձևով է արձագանքում. մեկը կարող է ոչ մի նշան չնկատել, մյուսի մոտ հնարավոր է քթի լցվածություն, հազ, քոր, դժվարացած շնչառություն և այլն: Դրանք հնարավոր է հեշտությամբ շփոթել սուր շնչառական վարակիչ հիվանդությունների, այդ թվում` COVID-19-ի դրսևորումների հետ:
Կարևոր տարբերություններից է այն, որ ալերգիկ ռեակցիայի դեպքում օրգանիզմի ջերմությունը պահպանվում է նորմայի սահմաններում: Որպես կանոն, նշված ախտանիշները վերանում են հակահիստամինային պատրաստուկների կիրառման դեպքում:
Ամենատարածված միֆերը ալերգիայի մասին
Միֆ №1. պոլինոզն առաջանում է բարդու մանրախավից:
Բարդու մանրախավը հազվադեպ է ալերգիկ ռեակցիա առաջացնում: Գլխավոր վտանգը ալերգեն բույսերի ծաղկափոշու և սպորների տարածումն է: Դրանց թվին են պատկանում.
- ծառերը և թփերը (կեչի, լաստենի, պնդուկենի, ուռենի, կաղնի, շագանակենի, բարդի, հացենի, կնձենի),
- հացահատիկային խոտաբույսերը (սիզախոտ, ոլոռնախոտ, շյուղախոտ, աղվեսագի, դաշտավլուկ, սեզ, աշորա, ցորեն),
- մոլախոտերը (սագախոտ, ամբրոսիա, կանեփ, եղինջ, օշինդր):
Միֆ №2. պոլինոզը սրվում է գարնանը, երբ շուրջն ամեն ինչ ծաղկում է:
Կախված նրանից, թե որ գոտում եք ապրում, պոլինոզի ախտանիշները կարող են դրսևորվել ինչպես գարնանը, այնպես էլ ամռանը (և նույնիսկ` աշնանը): Յուրաքանչյուր ալերգիկ պետք է իմանա իր համար ալերգեն բույսերը և դրանց ծաղկման շրջանները:
Միֆ №3. ալերգիան ժառանգական հիվանդություն է:
Ալերգիկ հիվանդության զարգացման մեջ ժառանգական նախատրամադրվածությունը քիչ դեր չի խաղում: Ռիսկը մեծանում է, եթե ընտանիքում մեկն արդեն տառապում է ալերգիայով: Եթե երկու ծնողներն ալերգիկ են, ապա նրանց երեխայի` ալերգիա ունենալու հավանականությունը մեծանում է մինչև 70-80%: Սակայն նույնիսկ եթե հարազատներից որևէ մեկը ալերգիկ չէ, երեխայի ալերգիկ լինելու ռիսկը կազմում է 15-20%, ինչը պայմանավորված է էկոլոգիական վիճակի խանգարմամբ, ընդունվող սննդի որակով, վերջինիս մեջ կոնսերվանտների մեծ քանակությամբ, դեղորայքի ոչ ռացիոնալ և չվերահսկվող ընդունմամբ, որոնք հանգեցնում են իմունային համակարգի վիճակի փոփոխության:
Միֆ №4. եթե փոքրուց ալերգիա չի եղել, նշանակում է` չի էլ լինի
Հաճախ ալերգիայի առաջին նշաններն ի հայտ են գալիս 5-20 տարեկանում: Սակայն դրանք կարող են դրսևորվել նաև մեծ տարիքում` կապված մարդու այլ կլիմայական գոտի տեղափոխվելու հետ, որտեղ դիտվում է ալերգեն բույսերի ծաղկունք:
Միֆ №5. ալերգիան հաճախակի փռշտոցն է և արցունքահոսությունը:
Անկասկած, պոլինոզի ամենահաճախակի դրսևորումը քթի քորն է, քթահոսությունը, փռշտոցը (այսպես կոչված` ալերգիկ ռինիտ), արցունքահոսությունը, աչքերի կարմրածությունը (ալերգիկ կոնյուկտիվիտ): Ալերգիկների մոտ կարող է հանկարծակի հազ առաջանալ, շնչառության դժվարացում, հևոց. դա վկայում է սկսվող ծաղկափոշային բրոնխիալ ասթմայի մասին: Պոլինոզի ժամանակ հնարավոր են մաշկային դրսևորումներ՝ եղնջացանի, Կվինկեի այտուցի, տարբեր դերմատիտների, բշտիկների, մաշկային քորի ձևով: Հազվադեպ ի հայտ է գալիս միզասեռական (վուլվովագինիտ, ուրետրիտ, ցիստիտ, նեֆրիտ), ստամոքս-աղիքային (սրտխառնոց, փսխում, ցավեր` որովայնում) համակարգերի ախտահարում:
Միֆ №6. ալերգիայից բուժվել հնարավոր չէ:
Հակաալերգիկ դեղերի մեծ մասն ուղղված է հիվանդության ախտանիշների վերացմանը և ոչ` պատճառների բուժմանը: Ներկայում ԱՍԻԹ (ալերգեն-սպեցիֆիկ իմունաթերապիա) մեթոդը հիվանդության բուն պատճառը բուժող միակ եղանակն է, և բուժման կուրսն ավարտելուց հետո հիվանդության ախտանիշները վերստին չեն դրսևորվում, դիտվում է երկար, կայուն ռեմիսիա: ԱՍԻԹ-ի ընթացքում օրգանիզմի իմունային համակարգում տեղի են ունենում բարդ գործընթացներ, որոնց արդյունքում իմունային պատասխանը վերակարգավորվում է:
Միֆ №7. ալերգիան անվտանգ է և կարելի է ընդհանրապես չբուժել:
Ալերգիան պետք է անպայման բուժել, ընդ որում` ալերգոլոգ-իմունոլոգի հսկողությամբ: Ցավոք, շատ մարդիկ երկար տարիներ զբաղվում են ինքնաբուժմամբ՝ նույնիսկ չկասկածելով, որ պոլինոզի ոչ համարժեք բուժումը կարող է հանգեցնել լուրջ բարդությունների` սինուսիտների (քթի հարակից խոռոչների բորբոքում), միջին օտիտի (միջին ականջի բորբոքում), ծաղկափոշային բրոնխիալ ասթմայի, քթի հարակից խոռոչներում` կիստաների, պոլիպների:
Միֆ №8. ալերգաբանական հետազոտությունը թանկ արժե:
Գրագետ մասնագետի համար բավարար է հանգամանորեն զրուցելը, կոնկրետ հարցադրումներ անելը և սեզոնային ալերգիայի կասկածի դեպքում ուղեգրելը` կատարելու անհրաժեշտ հետազոտություններ ու մի շարք թեստեր` կոնկրետ ալերգենները հայտնաբերելու համար: Դրա համար ենթադրվող ալերգենից մի կաթիլ քսում են մաշկի վրա և ասեղով քերծում մաշկը: Եթե այդ տեղում մաշկը կարմրում է և այտուցվում, նշանակում է ալերգենը հայտնաբերվել է: Արյան մեջ որոշվում են նաև կասկածելի ալերգենի նկատմամբ IgE սպեցիֆիկ հակամարմինները:
Հիպոալերգեն սննդակարգ
Պոլինոզով հիվանդների կեսից ավելին արձագանքում է այն սննդամթերքին, որը ալերգեն ծաղկափոշիների հետ ընդհանուր բնութագրեր ունի: Զարգանում է, այսպես կոչված, խաչաձև ալերգիկ ռեակցիա: Հենց այդ պատճառով պացիենտներին խորհուրդ է տրվում հետևել հատուկ հիպոալերգեն սննդակարգի:
Չի կարելի օգտագործել հացահատիկային շիլաներ, ձավարեղեն, հացի թեփ, հացաբուլկեղեն, երշիկեղեն, մսային պահածոներ, սոուսների պատրաստման համար չոր խառնուրդներ, մեղր և մեղվաբուծական արտադրանք, գարեջուր, վիսկի, ցորենի օղի, կվաս, ցորենի հիմքով` սուրճի փոխարինիչներ, կակաո, ելակ, ցիտրուսներ, սոյա, լոբի, գետնանուշ, եգիպտացորեն, թրթնջուկ, հացահատիկային ֆիտոպատրաստուկներ:
Հիպոալերգեն սննդակարգ` մոլախոտերի ծաղկափոշու նկատմամբ ալերգիայով հիվանդների համար
Չի կարելի օգտագործել մեղր և մեղվաբուծական արտադրանք, արևածաղկի սերմեր և արևածաղկի ձեթ, մանանեխ, մայոնեզ, բանջարանոցային կուլտուրաներ (սեխ, ձմերուկ), դդմիկ, սմբուկ, լոլիկ, կարտոֆիլ, ալկոհոլ, թարխուն, կանաչեղեն և համեմունքներ, ճարճատուկ, ցիտրուսներ, բանան, սխտոր, գազար, ճակնդեղ, սպանախ:
Հիպոալերգեն սննդակարգ ծառերի ծաղկափոշու նկատմամբ ալերգիայով հիվանդների համար
Չի կարելի օգտագործել մեղր և մեղվաբուծական արտադրանք, կորիզավոր պտուղներ, խնձոր, տանձ, կիվի, ընկուզեղեն, գազար, կանաչեղեն, համեմունքներ, կոնյակ, գինի, կեչու հյութ, կարտոֆիլ, լոլիկ, վարունգ, սոխ:
Ինչպե՞ս անցկացնել գարունը. 20 օգտակար խորհուրդ ալերգիայի ժամանակ
- Չոր, քամոտ օրերին ձգտեք մնալ տանը: Այդպիսի եղանակին օդում սավառնում է մեծ քանակությամբ ծաղկափոշի: Ընդհակառակը, անձրևից հետո այն զգալիորեն նվազում է, այդ պատճառով դա լավագույն ժամանակն է զբոսանքի կամ գնումների համար:
- Փողոց դուրս գալիս` դրեք արևապաշտպան ակնոց. այն մասամբ կպաշտպանի աչքերը գրգռող փոշուց:
- Մեքենայում, ընթացքի ժամանակ, փակեք պատուհանները՝ հատկապես քաղաքից դուրս ուղևորվելիս:
- Ընդհանրապես, ձգտեք ակտիվ ծաղկման շրջանում քաղաքից դուրս չգալ, քանի որ այնտեղ որոշ բույսերի և ծառերի ծաղկափոշու խտությունը զգալիորեն բարձր է: Բանջարանոցներում և այգիներում աշխատելու սիրահարներին խորհուրդ է տրվում հետաձգել այդ զբաղմունքը մինչև պոլինոզի սեզոնի ավարտը:
- Վերադառնալով տուն՝ փոխեք հագուստը և լոգանք ընդունեք: Մարմնի և հագուստի վրա մնում են ծաղկափոշու մանրագույն մասնիկները, որոնք նպաստում են ալերգիայի առաջացմանը:
- Լվացած հագուստը չորացրեք շինության ներսում: Չարժե դա անել փողոցում, որտեղ հնարավոր է ծաղկափոշի լինի, ինչը կարող է ալերգիա առաջացնել հագուստը կրելուց անմիջապես հետո:
- Տանը և մեքենայում օգտագործեք օդորակիչ: Գոյություն ունեն օդի համար հատուկ ֆիլտրեր, որոնք պահում են ալերգենները: Պարբերաբար տունը մաքրեք փոշեկուլով (դրա համար կան հակաալերգեն HEPA-ֆիլտրեր):
- Քնելիս փակեք ննջարանի պատուհանները:
- Հետևեք տնային կենդանիներին: Փողոցում զբոսնելիս նրանց մորթու վրա նույնպես կարող է կուտակվել ծաղկափոշի, որն իրենց հետ կբերեն տուն:
- Քնելուց առաջ լոգանք ընդունեք և լվացեք գլուխը: Դա թույլ կտա մաքրել մաշկը և մազերը` օրվա ընթացքում դրանց վրա նստած ալերգեններից. ալերգիայի գիշերային նոպաների հավանականությունը զգալիորեն կնվազի:
- Համաձայնեցնելով բժշկի հետ՝ սկսեք ընդունել առանց դեղատոմսի դեղորայք: Գարնանային ալերգիայի ժամանակ, սովորաբար, օգնում են հակահիստամինային դեղերը: Նախընտրելի է կիրառել 2-րդ և 3-րդ սերնդի միջոցներ (լորատադին, լևոցիտերիզին և այլն), քանի որ դրանք անվտանգ են, և հազվադեպ են քնկոտություն առաջացնում:
- Լվացեք քթի խոռոչը ֆիզիոլոգիական լուծույթով կամ թորած ջրով: Դա կթեթևացնի քթի լցվածությունը, կհեռացնի ալերգեններն ու լորձը:
- Գարնանային ալերգիայի դեմ պայքարելու լավագույն միջոցը ալերգեն-սպեցիֆիկ իմունաթերապիան է: Այն օրգանիզմին հնարավորություն կտա աստիճանաբար «հարմարվել» ալերգենին և կնվազեցնի ախտանիշների ծանրության աստիճանը: Այդպիսի ներարկումները պետք է կատարել կանխավ՝ նախքան ալերգիայի սեզոնի սկսվելը:
- Խուսափեք հոգեհուզական և ծանր ֆիզիկական ծանրաբեռնվածություններից:
- Հնարավորության դեպքում մեկնեք փոշոտման այլ օրացույցով կլիմայական գոտի, ծովափ կամ լեռնային շրջան, որտեղ ծաղկափոշու խտությունը զգալի ցածր է: Արձակուրդը պլանավորեք՝ նախօրոք տեղեկանալով հանգստավայրի շրջանում ալերգեն բույսերի ծաղկման ժամկետների մասին:
- Պոլինոզի սրացման ժամանակ հետաձգեք պլանային վիրահատությունները, կանխարգելիչ պատվաստումները:
- Մի՛ կիրառեք դեղորայք, դեղաբույսր, կոսմետիկա, հոմեոպաթիկ պատրաստուկներ, եթե դրանց բաղադրության մեջ կան Ձեզ համար ալերգեն բույսերի հանուկներ:
- Միշտ Ձեզ հետ ունեցեք «Ալերգիկ հիվանդությամբ հիվանդի անձնագիր», որը կտա ալերգոլոգը հետազոտելուց և խորհրդատվությունից հետո: Անձնագրում կնշվի ալերգոլոգիական ախտորոշումը, ալերգենների սպեկտրը, ալերգենների հետ շփման վերացման միջոցառումների ցանկը: Անձնագրում նշվում է դեղորայքի ցանկը, որոնք պետք է լինեն Ձեզ մոտ՝ դեղատուփում, նշվում է նաև անաֆիլակտիկ շոկի ժամանակ միջոցառումների կարգը և դեղերի կիրառման հաջորդականությունը:
- Վարեք «Պոլինոզով հիվանդի օրագիր», որտեղ պետք է նշել ալերգիայի ախտանիշների դրսևորման և անհետացման ժամկետները, որքանով են դրանք արտահայտվել, ինչպիսի բուժում եք կիրառել՝ նշելով դեղաչափը և ընդունման հաճախականությունը:
- Պոլինոզի սրացման շրջանում անհրաժեշտ է հետևել հատուկ հիպոալերգեն սննդակարգի, որի բաղադրությունը պայմանավորված է պոլինոզի տեսակով:
https://the-challenger.ru, www.smdoctor.ru,
https://allergomed.ru, https://uromed.org,
https://planetazdorovo.ru
«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![Կվինկեի այտուց. armeniamedicalcenter.am Կվինկեի այտուց. armeniamedicalcenter.am](up/article/small/file_62615_3248297.jpg)
Կվինկեի կամ անգիոնևրոտիկ այտուցը սուր ալերգիկ ռեակցիա է, որի ժամանակ արյան հեղուկ մասը դուրս է գալիս դեպի շրջակա հյուսվածքներ՝ առաջացնելով այտուց: Այն զարգանում է ալերգենի հետ կրկնակի կապի դեպքում...
![](images/calendar.png)
![ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը](up/article/small/file_62142_1182376.jpg)
Եթե Դուք ունեք սննդային ալերգիա, Ձեր իմուն համակարգը գերզգայուն է տվյալ սննդի նկատմամբ: Դրա պատճառը իմունոգլոբուլին E-ն է (IgE), որը բարձր քանակով հանդիպում է ալերգիա ունեցող մարդկանց մոտ...
![](images/calendar.png)
![Ինչպիսի՞ ալերգիկ հիվանդություններ են սրվում գարնանը. erebunimed.com Ինչպիսի՞ ալերգիկ հիվանդություններ են սրվում գարնանը. erebunimed.com](up/article/small/file_60485_4974625.jpg)
Գարնանը սրվում են ալերգիկ մի շարք հիվանդություններ: Դրանցից են սեզոնային ալերգիկ ռենիտը, ալերգիկ դերմատիտը, բրոնխիալ ասթմայի ատոպիկ ձևերը, սննդային և դեղորայքային ալերգիան: Ինչպիսի՞ գանգատներով են հիվանդները...
![](images/calendar.png)
![Արևային ալերգիա. Սալուտեմ ամսագիր №3 Արևային ալերգիա. Սալուտեմ ամսագիր №3](up/article/small/file_59782_4296644.jpg)
Արևային ճառագայթները ոչ միայն տաքացնում են մեզ՝ անասելի ուրախություն պարգևելով հատկապես ձմռան ցրտին, այլև ամրացնում են մեր իմունիտետը։ Սակայն, ցավոք, արևի տակ մնալը որոշ մարդկանց մոտ կարող է...
![](images/calendar.png)
![Պոլիպոզ ռինիտ. armeniamedicalcenter.am Պոլիպոզ ռինիտ. armeniamedicalcenter.am](up/article/small/file_59116_7278251.jpg)
Պոլիպոզ ռինիտը տարածված հիվանդություն է: Պոլիպը քթի և հարակից խոռոչների լորձաթաղանթի գերաճ է, որը, որպես կանոն, զարգանում է քրոնիկ ռինիտի ֆոնի վրա...
![](images/calendar.png)
![Բրոնխիալ ասթմա. armeniamedicalcenter.am Բրոնխիալ ասթմա. armeniamedicalcenter.am](up/article/small/file_58806_4465129.jpg)
Բրոնխիալ ասթման (ԲԱ) ստորին շնչառական ուղիների բարձր ռեակտիվությունն է տարբեր ազդակների նկատմամբ՝ շնչառության դժվարության Էպիզոդիկ և վերադարձելի օբստրուկտիվ նոպաներով, որոնք կարող են լինել թեթև...
![](images/calendar.png)
![Lատեքսային պահպանակների ալերգիա (Latex condom allergy). urolog.am Lատեքսային պահպանակների ալերգիա (Latex condom allergy). urolog.am](up/article/small/file_58137_2342186.jpg)
Շատ հաճախ զույգերի մոտ սեռական հարաբերությունից հետո կարող է առաջանալ անբացատրելի քոր և անհարմարավետություն։ Այս ախտանշանը կարող է լինել պահպանակի կամ այլ սպերմատոցիտ միջոցի պատճառով առաջացած...
![](images/calendar.png)
![Սննդային ալերգիա. armeniamedicalcenter.am Սննդային ալերգիա. armeniamedicalcenter.am](up/article/small/file_56656_4840651.jpg)
Սննդային ալերգիան բնորոշվում է օրգանիզմ ներմուծված օտար նյութերի` ալերգենների նկատմամբ, արագ զարգացող ալերգիկ ռեակցիայով: Այս պարագայում ալերգենները սննդային նյութերն են (սննդին ավելացրած հավելիչներ և կոնսերվանտներ)...
![](images/calendar.png)
![Եղնջացան. nairimed.com Եղնջացան. nairimed.com](up/article/small/file_53553_9375087.jpg)
Եղնջացանն ալերգիկ դրսևորում է, որը բնութագրվում է մաշկի վրա միգրացվող, առողջ մաշկից հստակ սահմանազատված, որոշակի արտափքված էրիթեմատոզ մակերեսով ցանի առաջացմամբ և ուղեկցվում է արտահայտված քորով...
![](images/calendar.png)
![Բրոնխիալ ասթմա. հարցերին պատասխանում է «Արմենիա» ՀԲԿ ալերգոլոգ Աննա Օհանյանը. armeniamedicalcenter.am Բրոնխիալ ասթմա. հարցերին պատասխանում է «Արմենիա» ՀԲԿ ալերգոլոգ Աննա Օհանյանը. armeniamedicalcenter.am](up/article/small/file_49658_626116.jpg)
Ի՞նչ է բրոնխիալ ասթման:
Տարբերում են բրոնխիալ ասթմայի երկու ձև` ինֆեկցիոն-ալերգիկ և ատոպիկ: Ատոպիկ կամ ալերգիկ ասթմայի...
![](images/calendar.png)
![Ալերգոլոգին հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com Ալերգոլոգին հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com](up/article/small/file_48442_2453965.jpg)
1. Ի՞նչ է ալերգիան:
Ալերգիան օրգանիզմի իմուն համակարգի աղավաղված ռեակցիան է ռեակցիան է որևէ ալերգենի ներթափանցման դեմ...
![](images/calendar.png)
![Պայքար սեզոնային ալերգիայի դեմ. 168.am Պայքար սեզոնային ալերգիայի դեմ. 168.am](up/article/small/file_46132_8368658.jpg)
Steptohealth.ru-ն գրում է, որ սեզոնային ալերգիան լուրջ անհարմարություններ է պատճառում։ Գոյություն ունեն մի խումբ բնական միջոցներ, որոնք կօգնեն թեթևացնել վիճակը...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն